«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»․ հանդիպման վայր՝ կապիտալի, փորձի և նոր հնարավորությունների համար
Սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026» կոնֆերանսը՝ «Կուբ Ինվեսթ»-ի նախաձեռնությամբ։
Մեկ հարթակում համախմբվեցին ֆինանսական և ներդրումային ոլորտի ներկայացուցիչներ, ներդրողներ, գործարարներ և ոլորտի առաջատար մասնագետներ՝ քննարկելու ներդրումային աշխարհի զարգացումներն ու ապագայի հնարավորությունները։
Նոր գաղափարներ, նոր գործիքներ, փորձի փոխանակում, բաց երկխոսություն և, ամենակարևորը՝ մարդիկ, ովքեր պատրաստ են միասին քննարկել ոչ միայն այն, թե որտեղ ենք այսօր, այլ նաև՝ թե ուր ենք գնում վաղը։
Մոտ մեկ տասնամյակ «Կուբ Ինվեսթ»-ը զարգանում է Հայաստանի ներդրումային շուկայի հետ միասին՝ կարևորելով ոչ միայն իր արդյունքները, այլև ոլորտի ընդհանուր առաջընթացը, մասնագիտական գիտելիքի փոխանակումն ու նոր հնարավորությունների բացահայտումը։ Այս կոնֆերանսը այդ ճանապարհի կարևոր մասն էր։
Մեկ հարթակ՝ բազմաթիվ տեսանկյուններ
Օրը մեկնարկեց «Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի բացման և ողջույնի խոսքով, որին հաջորդեց ընկերության անցած ճանապարհի, ներկա դիրքի և ապագայի տեսլականի ներկայացումը՝ «Կուբ Ինվեսթը՝ երեկ, այսօր և վաղը» թեմայով։
Միքայել Մարգարյանը հայտարարեց «Կուբ Ինվեսթ»-ի սեփական պարտատոմսերի թողարկման մասին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Լևոն Սահակյանը:
Օրվա ընթացքում քննարկումները լայնացան՝ ընդգրկելով Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման, տարածաշրջանային փոփոխությունների, տեխնոլոգիական նորարարությունների և ֆինանսների ապագայի ամենաարդիական հարցերը։
Հայաստանի կապիտալի շուկայի ներկայի ու ապագայի շուրջ պանելային քննարկումը վարեց Federation of Euro-Asian Stock Exchanges (FEAS)-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։ Քննարկմանը մասնակցեցին Armenia Stock Exchange-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, Dimension Investments-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրիգոր Հարությունյանը, C-Quadrat Ampega-ի ֆոնդի կառավարիչ Պետրոս Մարգարյանը և Amundi-Acba Asset Management-ի գլխավոր ներդրումային տնօրեն, զարգացման գծով տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը։
Մասնակիցներն անդրադարձան Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հիմնական մարտահրավերներին, հնարավորություններին և ձևավորվող միտումներին։
Քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ կապիտալի շուկայի զարգացումը մեկ կառույցի կամ մեկ ոլորտի պատասխանատվությունը չէ։ Այն պահանջում է տարբեր դերակատարների համագործակցություն, երկարաժամկետ մտածողություն և միասնական տեսլական:
Ներդրումային հարթակի նոր հնարավորությունները
Կոնֆերանսի հաջորդ կարևոր թեմաներից մեկը տեխնոլոգիաների և ներդրումների հատման կետն էր։
IB Technologies-ի գլխավոր տեխնիկական ղեկավար Միքայել Վալասանյանը և Cube Invest-ի առևտրային հարթակով բրոքերային ծառայությունների մատուցման բաժնի պետ Սոնա Մադաթյանը ներկայացրին Cube Invest հարթակի տեխնիկական և տակտիկական նորարարությունները՝ անդրադառնալով այն գործիքակազմին, որը ձևավորում է ներդրումների ավելի ժամանակակից և հասանելի փորձը։
Ֆինանսական աշխարհի փոփոխությունների մասին քննարկումը շարունակվեց թվային ակտիվների թեմայով։ «Կուբ Ինվեսթ»-ի հատուկ հրավերով կոնֆերանսին մասնակցեց համաշխարհային առաջատար ֆինանսական կառույցներից մեկի՝ J.P. Morgan-ի ներկայացուցիչ Մարտին Մարտինովը։ Նա ներկայացրեց կրիպտոարժույթների և թվային ակտիվների դերը զարգացող շուկաներում՝ անդրադառնալով ոլորտի զարգացման միտումներին և ձևավորվող նոր հնարավորություններին։
Հայաստանից՝ դեպի տարածաշրջան
Ներդրումային հնարավորությունները վաղուց արդեն չեն սահմանափակվում մեկ երկրի սահմաններով։ Այդ իսկ պատճառով կոնֆերանսի կարևոր թեմաներից մեկը դարձավ նաև տարածաշրջանային զարգացումների քննարկումը:
Կովկասի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներին նվիրված պանելային քննարկումը վարեց Federation of Euro-Asian Capital Markets (FEAS)-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը։
«Կուբ Ինվեսթ»-ի հրավերով քննարկմանը մասնակցեցին նաև Վրաստանի ներդրումային և կապիտալի շուկայի առաջատար կառույցների ներկայացուցիչներ՝ Galt & Taggart-ի բրոքերային ծառայության ղեկավար Դավիթ Նիշնիանիձեն և TBC Capital-ի վաճառքների և թրեյդինգի գծով փոխնախագահ Սանդրո Չանտուրիձեն։ Նրանց միացան Financial Market Members Association (FINARM)-ի գլխավոր տնօրեն Կարեն Զաքարյանը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը։
Մասնակիցներն անդրադարձան Կովկասի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներին, տարածաշրջանային միտումներին և փոփոխվող տնտեսական միջավայրում ձևավորվող ներդրումային հնարավորություններին։
Տարբեր շուկաների փորձը, տեսակետներն ու սպասումները մեկ քննարկման մեջ միավորելը հնարավորություն տվեց տարածաշրջանին նայել ոչ միայն առանձին երկրների, այլև փոխկապակցված ներդրումային միջավայրի տեսանկյունից։
Իսկ ո՞ւր է գնում աշխարհը
Օրվա եզրափակիչ բովանդակային հատվածը նվիրված էր ապագային։
Միջազգային ճանաչում ունեցող ֆուտուրիստ և տեխնոլոգիական ոլորտի փորձագետ Գերդ Լեոնհարդը «Ինտելեկտուալ հեղափոխությունը և ապագայի տեսլականը» թեմայով խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք վերափոխում են մեր պատկերացումները տեխնոլոգիաների, աշխատանքի, բիզնեսի և հասարակության ապագայի մասին։
Եվ թերևս հենց այստեղ էր «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»-ի գլխավոր ուղերձներից մեկը․ ներդրումային շուկայի ապագան հնարավոր չէ պատկերացնել՝ առանց հասկանալու այն աշխարհը, որում այդ շուկան պետք է գործի։
Կոնֆերանսը մեկ օրվա ընթացքում միավորեց տարբեր փորձառություններ, մասնագիտական տեսակետներ և ապագայի վերաբերյալ տարբեր պատկերացումներ։
Բայց նման հանդիպումների իրական արժեքը հաճախ չափվում է ոչ միայն բեմում հնչած խոսքերով։ Այն նաև նոր ծանոթություններն են, փոխանակված գաղափարները, առաջացած հարցերն ու այն հնարավոր համագործակցությունները, որոնք կարող են ձևավորվել միջոցառումից հետո։
Որովհետև զարգացող ներդրումային շուկան կառուցվում է ոչ միայն կապիտալով, այլև գիտելիքով, վստահությամբ և մարդկանց միջև ստեղծվող կապերով։
«Կուբ Ինվեսթ»-ը շնորհակալ է բոլոր բանախոսներին, գործընկերներին և մասնակիցներին, ովքեր իրենց ներկայությամբ, փորձով և գաղափարներով դարձան «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»-ի մի մասը։
Մեզ համար սա պարզապես ևս մեկ միջոցառում չէր։
Սա շարունակությունն էր մի ճանապարհի, որի նպատակը միայն մեկն է`՝ ավելի զարգացած, ավելի հասանելի և ավելի լայն հնարավորություններով ներդրումային միջավայր։
Եվ գուցե ամենակարևորն այն է, որ հորիզոնը, որին մենք նայում ենք այսօր, արդեն իսկ նոր հնարավորությունների սկիզբն է։
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ 2026»-ի ավարտին արդեն կարող էինք արձանագրել օրվա կարևոր արդյունքներից մեկը․ «Կուբ Ինվեսթ»-ի թողարկած պարտատոմսերի 90%-ն արդեն վաճառված էր։
Իսկ այս նյութը գրելու պահին դրանք արդեն ամբողջությամբ վաճառված են։
Ներդրումային հորիզոնները բացվում են այնտեղ, որտեղ գաղափարները վերածվում են վստահության, իսկ վստահությունը՝ իրական արդյունքի։
«Կուբ Ինվեսթ» ներդրումային ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Այլ հոդվածներ
Դու էլ ես «Առաքել». արվեստ, մարդկային արժեքներ և ջերմ հանդիպումներ
Կուբ Ինվեսթը գարնանային տոները նշեց յուրահատուկ միջոցառմամբ՝ «Առաքել» ներկայացմամբ, ջերմ հանդիպումներով և սոցիալական նախաձեռնությամբ՝ միավորելով գործընկերներին արժեքների շուրջ։
01.04.26
Դալան Տեխնոպարկ, Ֆրի Սթայլ, Ագրոտեխ. Պարտատոմսերի ցուցակումներ ՀՀ Ֆոնդային Բորսայում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի կողմից տեղաբաշխված երեք գործընկեր կազմակերպությունների` «Դալան Տեխնոպարկ»-ի, «Ֆրի Սթայլ»-ի և «Ագրոտեխ»-ի պարտատոմսերը հաջողությամբ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսա (AMX)-ում:
03.03.26