Բենջամին Գրեհեմ

Կենսագրություն

Բենջամին Գրեհեմը ​​ծնվել է 1894 թվականին Լոնդոնում: Ծագումով հրեա էր, իսկ իրական ազգանունը Գրոսբաում (Grossbaum)։ Մեկ տարեկան հասակում իր ընտանիքը ներգաղթեց ԱՄՆ, իսկ հայրը մահացավ վաղ, երբ Բենջամինը 9 տարեկան էր։ Ընտանիքի կարիքները հոգալու համար մայրը բացում է տնային գիշերօթիկ դպրոց։

Գրեհեմի անձը կոփվել, իսկ բնավորությունը ձևավորվել է Նյու Յորքում՝ աղքատության մեջ ապրելու արդյունքում, որտեղ գոյատևելու համար նա ստիպված էր օգտագործել իր մտավոր բոլոր ընդունակությունները։

Գրեհեմն ինքն ասում էր․

«Աղքատության տարիներն ինձ սովերեցրին լուրջ վերաբերվել փողին, պատրաստ լինել քրտնաջան աշխատել նույնիսկ շատ փոքր գումարի դիմաց և ծայրահեղ ուշադրությամբ և մտածված մոտենալ բոլոր ծախսերին»։

Կրթություն

Ընդունելության քննությունների գերազանց արդյունքների շնորհիվ Բենջամինն ստանում է Կոլումբիայի համալսարանի կրթաթոշակ, որն ավարտում է 1914 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան և առաջարկ` ստանձնելու դասախոսական պաշտոններ 3 ֆակուլտետներում՝ գրականության, մաթեմատիկայի և փիլիսոփայության։

Աշխատանք

Այնուամենայնիվ, Գրեհեմն աշխատանքի ընդունվեց Wall Street-ի բրոքերային Newburger, Henderson & Loeb ընկերությունում՝ որպես առաքիչ և պարտատոմսերի բաժնում աշակերտ շաբաթական ստանալով $12, որտեղ նա պետք է նշեր պարտատոմսերի և բաժնետոմսերի տոկոսադրույքները գնանշման տախտակի վրա։

Գրեհեմը համալսարանական տարիներին զարգացրել  էր քննադատական մտածողություն, որն ինքը մեծ առավելություն էր համարում Wall Street-ում աշխատելիս: Տնտեսագետը նշում է, որ այս հմտությունները իրեն օգնել են ավելի արագ լուծումներ տալ որոշ խնդիրներին և խուսափել ժամանակը վատնելուց։
25 տարեկանում նա արդեն վաստակում էր տարեկան մոտ $500.000։ Սակայն 1929-ի ֆոնդային բորսայի վթարի պատճառով Գրեհեմը կորցրեց գրեթե իր բոլոր ներդրումները, որը, ինչպես նա նշում է, սովորեցրեց իրեն որոշ արժեքավոր դասեր ներդրումային աշխարհի վերաբերյալ:

Graham-Newman ընկերություն

Wall Street-ում 9 տարի աշխատելուց հետո Բենջամին Գրեհեմը և Ջերոմ Նյումենը 1926 թվականին հիմնադրեցին իրենց ներդրումային ընկերությունը՝ Graham-Newman-ը։ Հենց այս ընկերությունն է 30 տարի անց աշխատանքի ընդունել Ուորեն Բաֆեթին: Ի դեպ, 1928-1956 թվականներին ընկերության գործերով զբաղվելուն զուգահեռ Գրեհեմը դասավանդում էր ֆինանսներ Կոլումբիայի համալսարանում։

Տեսություն

Բենջամին Գրեհեմին հաճախ անվանում են «father of value Investing», հատկապես իր մոտեցումների համար, որոնք անվանում են «value Investing» կամ «ներդրումների արժեքներ»: Ըստ Գրեհեմի և իր գործընկեր Դեյվիդ Դոդի պետք է գտնել բաժնետոմսի իրական կամ ներքին արժեքը՝ անկախ դրա ներկայիս շուկայական գնից: Ներքին արժեքը հաշվարկելու համար ներդրողները նայում են ընկերության ֆինանսական վիճակին՝ ներառյալ ակտիվները, շահույթը և շահաբաժինները։ Սա էր սկզբնական բանաձևը։

Այնուհետև 1974 թվականին բանաձևը վերանայվեց՝ ներառելով և՛ 4,4% անվտանգության տոկոսադրույքը, որը 1962 թվականին բարձր կարգի կորպորատիվ պարտատոմսերի միջին եկամտաբերությունն էր, և՛ կորպորատիվ պարտատոմսերի ընթացիկ եկամտաբերությունը:

Ներքին արժեքը իմանալուց հետո այն համեմատում են բաժնետոմսի շուկայական գնի հետ: Եթե ​​բաժնետոմսը վաճառվում է իր ներքին արժեքից ցածր գնով, այն համարվում է լավ գնում: Գաղափարն այն է, որ ժամանակի ընթացքում շուկայական գինը և ներքին արժեքը «կվերադառնան միջինին», կամ կշարժվեն դեպի միմյանց: Սա նշանակում է, որ բաժնետոմսերի գինը ի վերջո կբարձրանա և կհամապատասխանի իր իրական արժեքին:

Գրքեր

Բենջամին Գրեհեմը նաև մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից ամենահայտիներից է  «Խելացի ներդրողը․ Արժեքավոր ներդրումների ամբողջական ուղեցույց», որը Ուորրեն Բաֆֆեթը համարում է ներդրումների վերաբերյալ գրքերից լավագույնը։

Գիրքը կարող եք կարդալ՝ ներբեռնելով այն անմիջապես Cube Invest Telegram-յան ալիքից։

Հայտնի գործերից են նաև Գրեհեմի և Դեվիդ Դոոդի համահեղինակությամբ 1934 թվականին գրված «Թանկարժեք թղթերի վերլուծություն» գիրքը, որից 3 տարի անց գրվել է «Ընկերության ֆինանսական հաշվետվություններ» գիրքը։

Մոտեցումներ

Գրեհեմի ներդրումային փիլիսոփայությունը շուկայում անցողիկ տենդենցներին կամ կարճաժամկետ ազարտներին տրվելը չէ, այն համբերության, կարգապահության և արժեքների մասին է։ Ահա իր մի քանի հայտնի մեջբերումներից․

«Գինն այն է, ինչ դու վճարում ես: Արժեքն այն է, ինչ դու ստանում ես»:

Պետք է ոչ թե փնտրել էժան բաժնետոմսեր, այլ «թերագնահատված» բաժնետոմսեր: Գրեհեմը վստահում էր կայուն շահույթով ընկերություններում ներդրումներ կատարելուն, այլ ոչ թե ինքնարժեքից ցածր գնով վաճառողներին:

«Ներդրողի գլխավոր խնդիրը և նույնիսկ իր ամենամեծ թշնամին` ինքն է»:

Այս ոլորտում կարգապահությունն անչափ կարևոր է: Խուսափե´ք էմոցիոնալ որոշումներից: Պետք չէ շուկայի անկումների ժամանակ միանգամից վաճառել, իսկ շուկայի աճի ժամանակ գնել բոլոր հնարավոր բաժնետոմսերը: Ամեն քայլ պետք է հիմնված լինի երկարաժամկետ հաջողության հասնելու վրա:

«Որոշեք, թե ինչ տեսակի ներդրող եք Դուք»

Գրեհեմը խորհուրդ է տալիս, որ յուրաքանչյուր ներդրողին իմանալ իր ներդրումային անհատականությունը: Սա ցույց տալու համար նա հստակ տարանջատումներ է անում ֆոնդային շուկայում գործող տարբեր խմբերի միջև։ 

Բենջամին Գրեհեմի մոտեցումները հիմնված են ռացիոնալության և անվտանգության սահմանի սկզբունքների վրա, որոնք ստեղծել են շուկայի բարդություններին ավելի հեշտ դիմակայելու հավերժական բանաձևեր: Գրեհեմի ժառանգությունը ոչ միայն գիտելիքի հարստության մեջ է, այլև իր շնորհիվ ոգեշնչված մի շարք ներդրողների և մտածողների մեջ՝ ապահովելով իր սկզբունքների փոխանցումը սերնդեսերունդ:

 

Քուքիների կարգավորումներ

Այս կայքը օգտագործում է քուքիներ ՝ մեր կայքում Ձեզ համար լավագույն փորձը ապահովելու համար։