Ներդրումների հոգեբանությունը. 14 էմոցիաներ, որոնք ուղղորդում են ձեր որոշումները
Ներդրումների հոգեբանությունը կարող է լինել ձեր ամենամեծ օգնականը կամ ամենամեծ թշնամին։ Հասկանալով, թե որ փուլում եք գտնվում՝ կարող եք կայացնել ավելի ռացիոնալ որոշումներ և խուսափել խուճապային քայլերից։ Ինչպես ասում են՝ «Երբ բոլորը վախենում են, դու պետք է մտածես հնարավորությունների մասին»։
Ֆինանսական շուկան գործում է այն ենթադրությամբ, որ ներդրողները գործարքներ են կատարում՝ նպատակ ունենալով առավելագույնի հասցնել շահույթը և նվազագույնի հասցնել կորուստները։ Չնայած այս տեսությանը, մարդիկ ռոբոտներ չեն, և հաճախ զգացմունքներն են առաջնորդում իրենց որոշումները, ինչը կարող է խոչընդոտել ռացիոնալ ներդրումներին։
Քանի որ մենք երբեք չենք կարող լիովին հաղթահարել մեր բնածին զգացմունքային կողմնակալությունները, պետք է գիտակցենք, թե որ էմոցիաներն են ազդում մեր ներդրումային վարքագծի վրա և ինչպես կարող ենք օգտագործել այդ գիտելիքը՝ ավելի խելամիտ որոշումներ կայացնելու համար։
Ներդրումային հոգեբանության 14 փուլերը
Գոյություն ունի ներդրումային շուկայի հոգեբանության ցիկլ, որը նկարագրում է ներդրողների զգացմունքային փոփոխությունները տարբեր փուլերում։ Այս փուլերը հասկանալը կարող է օգնել վերահսկել մեր որոշումները և խուսափել խուճապից։
📈 Վերելքի փուլ (Ակտիվ ներդրումային շրջան)
-
Լավատեսություն – Դրական մտածելակերպն առաջացնում է վստահություն ապագայի նկատմամբ, ինչը դրդում է ձեռք բերել արժեթղթեր։
-
Հուզմունք – Առաջին հաջողությունները ծնում են է՛լ ավելի մեծ ակնկալիքներ և նոր հնարավորությունների որոնում։
-
Ցնծություն – Մենք սկսում ենք ինքներս մեզ գովաբանել մեր խելամտության համար՝ անտեսելով ռիսկերը։
-
Էյֆորիա – Սա առավելագույն ռիսկի կետն է։ Ներդրողները զգում են, որ շուկան միայն վերելք է ապրում և սկսում են անտեսել ռիսկերը։
📉 Նվազման փուլ (Անորոշություն և կորուստների շրջանը)
-
Անհանգստություն – Շուկայի առաջին անկումները նկատելուց հետո համոզում ենք ինքներս մեզ, որ երկարաժամկետում ամեն ինչ կշտկվի։
-
Ժխտում – Անտեսում ենք շուկայի բացասական ազդակները՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կվերականգնվի։
-
Վախ – Ակնհայտ է դառնում, որ կորուստները կարող են խորանալ, ինչը մեծացնում է անհանգստությունը։
-
Հուսահատություն – Ներդրողները փորձում են ելք գտնել, սակայն բոլոր լուծումները թվում են անհաջող։
-
Խուճապ – Իրավիճակը հասնում է ծայրահեղության, և մարդիկ սկսում են զանգվածաբար վաճառել իրենց արժեթղթերը՝ խուսափելով ավելի մեծ կորուստներից։
🔻 Ստորին փուլ (Ամենացածր կետը և վերականգնման սկիզբը)
-
Կապիտուլյացիա – Կորուստներն ընդունելով՝ մարդիկ դադարում են ներդրումներ կատարել՝ հավատալով, որ շուկան երբեք չի վերականգնվի։
-
Ապատիա – Շուկայի նկատմամբ հետաքրքրությունն ամբողջությամբ անհետանում է, բայց հաճախ հենց այս պահին են բացվում լավագույն ներդրումային հնարավորությունները։
-
Դեպրեսիա – Հետադարձ հայացքով ներդրողները փորձում են հասկանալ, թե ինչ սխալներ են թույլ տվել։
📈 Վերականգնման փուլ (Վստահության վերականգնում)
-
Հույս – Հասկանալով, որ շուկաները գործում են ցիկլերով, ներդրողները սկսում են նորից փնտրել հնարավորություններ։
-
Թեթևություն – Վերագտնելով շահութաբեր ուղին՝ ներդրողները կրկին վերականգնում են իրենց հավատը ֆինանսական շուկայի հանդեպ։
🔍 Ինչպես կառավարել ձեր զգացմունքները ներդրումների ժամանակ
✅ Հետևեք ձեր էմոցիաներին – Ցանկացած ծայրահեղ զգացմունք՝ լինի դա էյֆորիայի, թե խուճապ կարող է ազդարարել ռիսկային որոշումների մասին։
✅ Գործե՛ք ոչ թե հույզերով, այլ տվյալների հիման վրա– Հիմնվե՛ք ոչ թե շուկայի մասնակիցների պահվածքի, այլ վերլուծության և տվյալների վրա։
✅ Կազմե՛ք երկարաժամկետ պլան – Եթե ունեք ներդրումային ռազմավարություն, ապա պահպանե՛ք վերահսկողությունը, նույնիսկ անկման ժամանակ։
✅ Մի՛ հետևեք ամբոխին – Երբ բոլորը գնում են, զգու՛յշ եղեք։ Երբ բոլորը վաճառում են, փնտրե՛ք հնարավորություններ։
Ներդրումների հոգեբանությունը կարող է լինել ձեր ամենամեծ օգնականը կամ ամենամեծ թշնամին։ Հասկանալով, թե որ փուլում եք գտնվում՝ կարող եք կայացնել ավելի ռացիոնալ որոշումներ և խուսափել խուճապային քայլերից։ Ինչպես ասում են՝ «Երբ բոլորը վախենում են, դու պետք է մտածես հնարավորությունների մասին»։