Այս տարվա Համաշխարհային տնտեսական ֆորումից վերադառնալուց հետո ինձ բազմիցս հարցրել են իմ ամենակարեւոր եզրակցությունների մասին: Այս տարի Դավոսում ամենաշատ քննարկվող հարցերի թվում էր արհեստական բանականությունը (ԱԲ), հատկապես գեներատիվ ԱԲ-ն («GenAI»): Լեզվական մեծ մոդելների վերջին ներմուծումը (որոնք աշխատեցնում են, օրինակ, ChatGPT-ն) մեծ հույսեր (եւ հույզեր) են ստեղծում, թե ինչ կարող է անել ապագայում ԱԲ -ն արտադրողականության եւ տնտեսական աճի համար:

Այս հարցին անդրադառնալու համար պետք է նկատի ունենանք, որ մեր աշխարհը ղեկավարում է ավելի շատ մարդկային հիմարությունը, քան արհեստական բանականությունը: Մեգասպառնալիքների տարածումը, որոնցից յուրաքանչյուրը ավելի լայն «բազմակի ճգնաժամի» տարր է, հաստատում է, որ մեր քաղաքականությունը չափազանց անարդյունավետ է, չափազանց սխալական՝ մեր ապագայի նույնիսկ ամենալուրջ եւ ակնհայտ սպառնալիքներին դիմակայելու համար: Դրանց թվում են կլիմայի փոփոխությունը, որը կհանգեցնի հսկայական տնտեսական ծախսերի, ձախողված պետությունները, որոնց պատճառով ավելի կմեծանա կլիմայական փախստականների թիվը, եւ կրկնվող, վարակիչ համաճարակները, որոնք կարող են տնտեսապես ավելի վնասաբեր լինել, քան COVID-19-ը:

Իրավիճակը վատթարացնում են աշխարհաքաղաքական վտանգավոր մրցակցությունները, որոնք վերածվում են նոր սառը պատերազմների (օրինակ՝ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ) եւ «տաք» պատերազմները Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում: Ամբողջ աշխարհում եկամուտների եւ հարստության աճող անհավասարությունը, մասամբ պայմանավորված հիպերգլոբալացումով եւ ավտոմատացված տեխնոլոգիաներով, հակազդեցություն է առաջացնում լիբերալ ժողովրդավարության դեմ եւ տեղի տալիս ամբոխահաճ, անձնիշխանական եւ դաժան քաղաքական շարժումներին:

Մասնավոր եւ պետական պարտքի անկայուն մակարդակները սպառնում են արագացնել պարտքային եւ ֆինանսական ճգնաժամերը, եւ մենք դեռ կարող ենք առերեսվել գնաճի վերադարձին եւ բացասական համախառն առաջարկի ստագֆլացիոն ցնցումներին: Համաշխարհային միտումն ուղղված է դեպի պրոտեկցիոնիզմ, ապագլոբալացում, ապազուգավորում եւ ապադոլարիզացիա:

Նոր համարձակ ԱԲ տեխնոլոգիաները, որոնք կարող են նպաստել տնտեսական աճին եւ բարեկեցությանը, նաեւ մեծ կործանարար ներուժ ունեն: Դրանք արդեն օգտագործվում են ապատեղեկատվությունը, «դիփֆեյքերը» եւ ընտրությունների մանիպուլյացիաները առաջ մղելու համար, ինչպես նաեւ մտավախություն են առաջացնում տեխնոլոգիաների զարգացման պատճառով մշտական գործազրկության եւ է՛լ ավելի մեծ անհավասարության վերաբերյալ: Նույնքան չարագուշակ են ինքնավար զենքերը եւ արհեստական բանականության օգնությամբ վարվող կիբերպատերազմը:

Արհեստական ինտելեկտից շլացած՝ Դավոսի մասնակիցները չկենտրոնացան այս մեգասպառնալիքների վրա: Սա անակնկալ չէր: Իմ փորձից ելնելով՝ Դավոսի ֆորումի ոգին հակառակ ցուցանիշն է, թե իրականում որ ուղղությամբ է գնում աշխարհը: Քաղաքականություն մշակողները եւ բիզնեսի ղեկավարները գալիս են այստեղ, որպեսզի իրենց գրքերը վաճառեն եւ տափակաբանություններ խոսեն: Նրանք արտահայտում են հանրաճանաչ իմաստություններ, որոնք հաճախ հիմնված են հետեւի պատուհանից տեսած գլոբալ եւ մակրոտնտեսական զարգացումների վրա:

Ուստի, երբ Դավոսի 2006 թվականի հանդիպման ժամանակ ես նախազգուշացրի, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ է սպասվում, ինձ ասացին, որ ես չարագուշակ կռավում եմ: Իսկ երբ 2007-ին ես կանխատեսեցի, որ եվրոգոտու անդամ շատ երկրներ շուտով կկանգնեն պետական պարտքի խնդիրների առաջ, Իտալիայի ֆինանսների նախարարն ինձ բանավոր ահաբեկեց: 2016 թվականին, երբ բոլորն ինձ հարցնում էին, թե արդյոք չինական ֆոնդային շուկայի անկումը «կոշտ վայրէջք» է կանխագուշակում, որը կառաջացնի համաշխարհային ֆինանսական եւս մի ճգնաժամ, ես ճիշտ դուրս եկա, երբ պնդեցի, որ Չինաստանը կունենա անհարթ, բայց կառավարվող վայրէջք: 2019-ից 2021 թվականներին Դավոսում նորաձեւ թեման կրիպտոարժույթի փուչիկն էր, որը 2022-ին պայթեց: Այնուհետեւ ուշադրությունը տեղափոխվեց մաքուր եւ կանաչ ջրածնի վրա. եւս մեկ նորաձեւություն, որն արդեն անցնում է:

Ինչ վերաբերում է ԱԲ-ին, ապա մեծ հավանականություն կա, որ առաջիկա տասնամյակներին տեխնոլոգիան իսկապես կփոխի աշխարհը: Սակայն Դավոսի կենտրոնացումը GenAI-ի վրա անտեղի է թվում՝ հաշվի առնելով, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներն ու արդյունաբերությունը ապագայում շատ ավելի առաջ են անցնելու մոդելներից: Դիտարկենք, օրինակ, ռոբոտաշինության եւ ավտոմատացման ոլորտի հեղափոխությունը, որը շուտով կհանգեցնի մարդանման հատկանիշներով ռոբոտների, որոնք կարող են մեզ պես սովորել եւ բազմաթիվ առաջադրանքներ կատարել: Կամ դիտարկենք, թե ինչ կանի ԱԲ-ն կենսատեխնոլոգիայի, բժշկության եւ, ի վերջո, մարդու առողջության եւ կյանքի տեւողության ոլորտում: Ոչ պակաս հետաքրքիր է քվանտային համակարգիչների ոլորտը, որն, ի վերջո, միավորվելու է արհեստական բանականության հետ՝ ստեղծելով գաղտնագրման եւ կիբերանվտանգության առաջադեմ կիրառություններ:

Նույն երկարաժամկետ հեռանկարը պետք է կիրառվի նաեւ կլիմայի քննարկումներում: Գնալով ավելի հավանական է դառնում, որ խնդիրը չի լուծվի վերականգնվող էներգիայով, որը շատ դանդաղ է աճում էական փոփոխություն ստեղծելու համար, կամ թանկարժեք տեխնոլոգիաներով, ինչպիսիք են ածխածնի որսումը կամ կապումը եւ կանաչ ջրածինը: Փոխարենը, մենք կարող ենք ականատես լինել ջերմամիջուկային հեղափոխության՝ պայմանով, որ առաջիկա 15 տարում կկառուցվի առեւտրային ռեակտոր: Էժան, մաքուր էներգիայի այս առատ աղբյուրը, որը կզուգորդվի էժան աղազրկման եւ ագրոտեխնոլոգիաների հետ, թույլ կտա մեզ կերակրել տասը միլիարդ մարդկանց, ովքեր բնակեցնելու են մոլորակը այս դարի վերջում:

Նմանապես, ֆինանսական ծառայությունների հեղափոխությունը ապակենտրոնացված բլոկչեյնների կամ կրիպտոարժույթների ոլորտում չի լինելու: Ավելի շուտ այն կներկայացնի ԱԲ աջակցությամբ կենտրոնացված ֆինանսական տեխնոլոգիաներ, որոնք արդեն բարելավում են վճարային համակարգերը, վարկավորումն ու վարկերի բաշխումը, ապահովագրական ծառայությունները եւ ակտիվների կառավարումը: Նյութական գիտությունները կհանգեցնեն հեղափոխության նոր բաղադրիչների, եռաչափ տպագրության, նանոտեխնոլոգիաների եւ սինթետիկ կենսաբանության ոլորտում: Տիեզերքի հետախուզումն ու շահագործումը կօգնի մեզ փրկել մոլորակը եւ արտամոլորակային ապրելակերպի ուղիներ գտնել:

Այս եւ շատ այլ տեխնոլոգիաներ կարող են փոխել աշխարհը դեպի լավը, բայց միայն այն դեպքում, եթե մենք կարողանանք կառավարել դրանց բացասական կողմնակի ազդեցությունները, եւ միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործենք մեր առջեւ ծառացած բոլոր մեգասպառնալիքները լուծելու համար: Կարելի է հուսալ, որ արհեստական բանականությունը մի օր կհաղթահարի մարդկային հիմարությունը: Բայց այդպիսի հնարավորություն չի լինի, եթե մենք ինքներս մեզ կործանենք:

Աղբյուրը՝ Banks.am

Cookies settings

This website uses cookies to ensure you get the best experience on out website.